------------------------------------- Ընդունեք իմ ջերմ ողջյունները:------------------------------

       Ո՞վ է Աստվածը թեմայով ես ուզում եմ մտնել Ձեր կյանքի ծալքերի մեջ, իսկ Ձեր էությանը պարգևել իսկական՝ բնական և հասարակ, քաղցրիկ երջանկություն: Այն բաղձալի երջանկությունը, որին հասնելու համար մարդիք ոչ մի բանի առաջ չեն կանգնում, ոտնահարում են շատ արժեքներ՝  գեղեցիկը, վեհանձնը, իմաստնությունը և այսպես ... :
        Այս կայքում Ես Ձեզ  հետ, և միմյանց օգնելով, ցանկանում եմ հնարավորս պարզեցված ու հասկանալի ձևակերպել այն ընկալումները որոնք այնքա՜ն պետք են արդի պայմաններում: Վերջապես այդ երջանկությանը արժանի են բոլորը՝ աղքատը և հարուստը, իմաստունը և հիմարը, խորամանկը և միամիտը, մեծը և փոքրը - էսպես հասկանալի է, կարելի է անվերջ շարունակել: Իմ սիրելի բարեկամներ, «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ» դա զգացողություն է, և կախված չէ ոչ մի նյութական, առարկայական, առավել ևս շրջապատող միջավայրի հետ, ավելին՝ Ձեր երջանկությունը գտնվում է Ձեր մեջ, զգայական աշխարհում և ոչ ոք չի կարող այն Ձեզնից խլել, այնպես որ, պետք չէ վախենալ այն կորցնելուց: Ինձ թվում է, վերը ասվածը այդքան էլ դժվար չէ հասկանալը, և այդ ամենը մի քիչ էլ ամրացնելով մեր ընկալումների կողմից, կարող ենք անել շատ հետաքրքիր, օգտակար, ուրախացուցիչ, սիրելի, դուրեկան ... եզրակացություններ:
      Այստեղ ուզում եմ Ձեզ հաղորդել, որ այս ամենը կապված է ուղղակի և անուղղակի ձևով «Ո՞վ է Աստվածը» հարցադրմանը տրվող բացատրությունից, մի խոսքով մի փոքր դիմացեք, ամեն ինչ իր ժամանակին: Հիմա կցանկանայի Ձեր ներումը հայցել, որոշ սխալներիս համար, դրանք կարող են հանդիպել ձևակերպումներում, ուղղագրությամբ և արտահայտություններում, ասել կուզի ավելի կարևորը ասելիքն է:
     Պետք է ասեմ, որ մեր ներքնաշխարհը բնորոշում է մեր էությունը, մենք արտաքին մարմնական և նյութական աշխարհը պարզապես օգտագործում ենք խաղի մեջ մտնելու համար(արտաքին աշխարհի, միմյանց և ինքներս մեր հետ), ինչպես համակարգչային խաղերում: Նման օրինակ՝ երբ ձեռքի հեռախոսներով կապնվում ենք միմյանց, մենք հաղորդակցվում ենք այդ հեռախոսների միջոցով, բայց մենք այդ հեռախոսները չենք, նույնպես՝ մենք այս մարմինները չենք, մեր ունեցվածքը, մեր շրջակա աշխարհը և այլնը չենք: Մենք հեռախոսի նման վերցրել ենք մեր մարմինները որպես գործիքներ, և հաղորդակցվում ենք արտաքին աշխարհի և այդ աշխարհի օրենքներին համապատասխանող բոլոր կանոններով: Համակարգչային խաղերում էլ, մեզ տրվում են օրենքներ և գործիքներ, ինչպես նաև նպատակ՝ խաղի մեջ մտնելու, ազարտի ազդեցության տակ, հաղթելու համար: Այ հենց այդ ազարտը, հաղթելու տենչը և նման գրավիչ վայելքները մեզ կապում են այս անցողիկ, անշուք անկենդան նյութական աշխարհի հետ,և մենք չնկատելով մեր ես-ը մեր ուշադրության միջոցով մտնում ենք արտաքին նյութական աշխարհ, իսկ նյութական աշխարհն էլ սկսում է մեզ հրապուրել(դա իր մոտ շատ լավ է ստացվում՝ գինի, կանայք, հաղթանակ, սեփական բալիկների ապահովություն, էլ որն ասեմ, էլ որը...), հիմարացնել, և մենք ու մեր առաջնորդները ուզում ենք միմյանց և ինքներս մեզ խաբելով փնտրել այն երջանկությունը, որը նորից եմ ասում ոչ թե դրսում , այլ մեր էության մեջ է և փնտրելու կարիք էլ չկա:
     Հիմա եկեք մեր ուշադրությունը ուղղենք, այնպիսի մի փարոսի որը լույս կտա խավարում և այդ լույսով ուղղորդվելով մենք կկարողանանք տեսնել ու հասկանալ թե ինչ ծիծաղելի դրության մեջ ենք գտնվում, դա նման է մի անհեթեթ վիճակի՝ իբրև մենք կերակրելով, հագցնելով, այլ և այլ թվացյալ մարմնական հաճույքներով հաճեցնելով մեր տիկնիկ մարմնին, ինչպես նաև վերը ասված նյութական աշխարհի հրապույրները փաթաթելով այդ տիկնիկ մարմնի վզովը, կարծում ենք թե գտել ենք երջանկությունը, ու այն հավերժ է մեզ չի լքելու, բայց դա մեր երջանկությունը չի, այլ մարմնինն է, և ամենևին էլ հավերժ չէ:
     Այս ամենը ընկալելու և ընկալմամբ տեսնելու համար, խավարի մեջ մեզ ուղղորդելու ու խավարը( նյութական և արտաքին աշխարհը) լույսից(մեր ներքնաշխարհից, հոգեկանից) զատելու, կամ ավելի ճիշտ զատվածությունը տեսնելու համար, այդ ամենաանհրաժեշտ լուսատու, բարի ու չքնաղ փարոսը դա հենց մեր անույշ, ամենասիրելի, ամենահրապուրիչ, ամենագեղեցիկ, գթասրտությամբ լի, մեր սրտի տերն է, մեր բարեկամը, եղբայրը, մայրը, հայրը, չկա այն բառը որն արտահայտի այն անչափ հարազատությունը մեր ու մեր սքանչելի  Աստծո միջև: Բայց ո՞վ է Աստվածը , որտե՞ղ է գտնվում, և առհասարակ կա՞ աստված թե՞ ոչ, այ թե ինչպիսի հարցեր են ցցվում ու մեզ սթափեցնելով հանում մեր հեքիաթային աշխարհից ու կանգնեցնում տհաճ, անհոտ ու անհամ իրականության առջև, որտեղ իշխում են նյութական, կամ արտաքին աշխարհի բիրտ և անողոք օրենքները: Սուրբ գրություններում ասվում է, որ Աստված կա, ու շատ դժվար հասանելի մի հասկացուղություն է, համարյա թե անհասանելի, էնտեղ հեռվում է, մի խոսքով հույսներդ կտրեք, դա հիմա՝ միանգամից հասնելու բան չէ, բայց շատ դժվարություններ հաղթահարելուց հետո միգուցե կմտնեք կամ դրախտ, կամ Աստծո թագավորություն, այնպես որ ամբողջությամբ հուսախաբ լինել էլ պետք չէ: Արդյո՞ք այսպիսի սուրբ գրությունները մեզ օգնում են Աստծուն ընդունելու, Աստծո հետ հաղորդակցվելու և նրա անույշ ներկայությունը զգալով, շարունակել զարգացնել մեր բազմաբնույթ փոխհարաբերությունները: Դատողությունները թողնում եմ Ձեզ, իսկ ես կփորձեմ ներկայացնել,  իմ Աստվածիս, իրազեկել նրա տեղը, որից հետո դուք էլ  որոշեք ու ընտրեք թե ո՞ր Աստվածն է Ձեր սրտին հարմար, այստեղ ես չեմ կարող Ձեզ պարտադրել, չնայած մյուս կողմից էլ գիտենք, որ Աստվածը մեկն է:
      Եկեք սկզբից մոռանանք Աստվածային ըմբռնումները, ու նայենք մեր շուրջը, մեզ շրջապատող աշխարհը, բնությանը իր եղանակային բազմազանությամբ, մարդկանց իրենց բնավորության նրբերանգներով...  ու միանգամից ասեմ՝ փորձենք վայելելով գնահատել այն հրապուրիչը, հաճելին( դա կարող է լինել շփումը սիրելի մարդկանց հետ, վայրը իր գեղատեսիլ և ոգեշնչող ազդեցությամբ, շրջապատող կենդանիները իրենց դրսևորումներով), որը մեզ բերկրալի զգացմունքային զգացողություն կպատճառի: Վայելքի հաճելի զգացողությամբ ընտրենք այն անձնավորությանը ում ներկայությունը այդ ամենը ավելի պատկերավոր, սրտաթրթիռ ու հագեցնող կդարձնի: Հասկանալի է որ հենց այդ անձնավորությունն էլ հանդիսանում է մեր սիրո օբյեկտը, ինձ ճիշտ հասկացեք՝ սիրո օբյեկտ կարող են լինել հայրը, մայրը, եղբայրը, քույրը ինչպես նաև այլոք, որոնք ևս սիրով են վերաբերվում մեզ, ցուցաբերում են նրբանկատություն և իրենց քայլերով ներդաշնակում են մեր ցանկություններին: Այդ անձնավորությունը պետք է լինի նա, ում ֆիզիկական ներկայությունը չլինելով էլ հանդերձ մենք կկիսվենք նրա հետ մեր այլ և այլ զգացողություններով մտովի, կարծես թե նա մեր հետ է մեր կողքին: Ես վստահ եմ, որ Ձեր մեծամասնությունը այդպես էլ վարվում է, իսկ մնացածն էլ հասկանում են ես ում ի նկատի ունեմ: Իմ սիրելի բարեկամներ, ես խնդրում եմ լինել շատ ուշադիր, ու փորձել հասկանալ այն ամենը ինչ ես ուզում եմ ասել ու բացատրել ձեզ, եթե կլինեն հարցեր խնդրեմ՝ տվեք այդ հարցերը, ու ես մեծ սիրով կփորձեմ ավելի մանրամասնելով պատասխանել ձեր հարցերին, որովհետև մենք մոտենում ենք այն ամենակարևոր պահին, որ ես Ձեզ ու իմ Աստծուն կփորձեմ ծանոթացնել, եթե իհարկե դուք դա ուզում եք, կամ էլ պատրաստ եք...
       Այժմ, եթե կարող եք, թույլ տվեք ինձ մի քիչ փիլիսոփայել: Այսպես ասած նյութական աշխարհը, ըստ վերը նշվածի՝ արտաքին և անշուք աշխարհը, կարող ենք վեր ածել անթերի, կատարյալ, սիրելի ու երկնային, դրախտային մի անույշ, չքնաղ միջավայրի ամեն մեկս մեր համար ու վայելել այդ ամենը: Բանը նրանում է, որ մենք մեր ներքնաշխարհով շեղվել ենք ճիշտ աշխարհընկալման տեսանկյունից և մեր տեսադաշտը դարձնելով սահմանափակ, ընկել ենք կաղապարված(շաբլոն) կեցության գիրկը, Աստվածապաշտությունից անցել ենք նյութապաշտության: Երբ որևե չափող սարք շեղվում է ճիշտ զրոից, մենք ցուցմունքային նիշի դիրքը զրոյացնում ենք, որպեսզի չմոլորվենք մեր չափումներում, ահա այս մեթոդով էլ մենք կարող ենք շտկելով մեր ներքնաշխարհի թյուր ընկալումը, և հետևապես ճիշտ, Աստվածային լույսով ողողված  հրաշք՝ հոգևոր վայելքներ ըմբոշխնել, որտեղ խոսքը երգ է, քայլքը պար, հայացքը «ՍԵՐ»: Ի՞նչ է կարծում եք դժվար իրագործելի, ինչ որ հեղհեղուկ բա՞ն եմ առաջարկելու, ի ուրախություն ասեմ Ձեզ, որ ոչ սիրելիներս:(շարունակելի)